ՈՒղեցույցը կորցրած համաշխարհային քաղաքական ու գործարար էլիտան անցյալ տարի Դավոսի միջազգային տնտեսական համաժողովում, Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից առաջ, բարձրաձայն մտածում էր, թե ինչ է սպասվում ապագայում: Անցավ մեկ տարի և ապագան արդեն այստեղ է: Բառացիորեն: Դավոս են գալու Թրամփն ու ԱՄՆ պատվիրակությունը` ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինի ղեկավարությամբ: ԱՄՆ-ի գլխավոր պոպուլիստը հաստատ կդառնա նորությունների հերոս, բայց կան և այլ սյուժեներ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մինչև հիմա փորձում է ձևավորել կոալիցիոն կառավարություն նոյեմբերի ընտրություններում իր կուսակցության հաղթանակից հետո (սա ամենաթույլն էր նրա 4 հաղթանակներից ընտրություններում): Իր մասնակցությունը Դավոսի համաժողովին նա հաստատեց միայն կիրակի օրը և նրա համար շատ դժվար կլինի ներկայանալ իբրև արևմտյան ազատական արժեքների մեծ պաշտպան, հատկապես, որ հենց այդ արժեքները (մասնավորապես` անզուսպ ու ջերմ ընդունելությունը, որ նա ցույց տվեց փախստականներին) բացասաբար ազդեցին երկրում Մերկելի հեղինակության վրա և նրան ստիպեցին գործընկերներ գտնել` կառավարություն ձևավորելու համար:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իբրև այլընտրանք առաջադրեց ղեկավարի իր թեկնածությունը, թեպետ եվրոպական բարեփոխումների նրա հավակնոտ ծրագրերի իրականացման համար պետք է Գերմանիայի աջակցությունը: Շնորհիվ Թրամփին հաստատուն ընդդիմության` Մակրոնը երկրպագուներ ձեռք բերեց և Ֆրանսիայում, և արտասահմանում: Բայց ֆրանսիացի ընտրողները մտածում են նախ և առաջ Ֆրանսիայի անվտանգության ու բարեկեցության մասին և եթե Մակրոնի հավակնոտ (խիստ անհրաժեշտ) տնտեսական բարեփոխումները չբերեն ակնկալված արդյունքները, ֆրանսիացիները լիովին կարող են նրա դեմ հանդես գալ, ինչպես արեցին ավանդական աջ և աջկենտրոնամետ կուսակցությունների դեպքում:
Ոչ ոք չի էլ մտածում, որ Դոնալդ Թրամփը դառնալու է արևմտյան արժեքների պերճախոս պաշտպան: Առաջնորդի տեղը թափուր է մնում:
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն անցյալ տարի Դավոսում իր ողջույնի խոսքում փորձեց տեղավորվել գլոբալ առաջնորդի թափուր նիշայում, որ ձևավորել էր Դոնալդ Թրամփն իր արտաքին քաղաքականությամբ «Ամերիկան նախ և առաջ» կարգախոսով: Նա սկիզբ դրեց մի քանի ամիս տևած PR արշավի, որի գագաթնակետը նոյեմբերին 19-րդ կուսհամագումարում դարձավ հայտարարությունը, որ աշխարհաքաղաքականության մեջ «նոր դարաշրջան» է սկսվել: Այս շաբաթ Չինաստանից կարելի է սպասել նոր վեհաշունչ հայտարարություններ, բայց ավելի հետաքրքիր է, թե Դավոսի լսարանին ի՞նչ կասի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Հնդկաստանն արդեն դարձել է ամենաշատ բնակչությունն ունեցող ժողովրդավարական երկիրը, աշխարհի 7-րդ տնտեսությունն է, իսկ 2050-ին կարող է լինել երկրորդը (Չինաստանից հետո): Հնդկաստանը վճռականորեն հրաժարվում է մասնակցել Չինաստանի ՙՄեկ գոտի, մեկ ճանապարհ՚ ինֆրակառուցվածքային հավակնոտ նախագծին` դիրքավորվելով իբրև Ասիայում Չինաստանի ուժեղացող տնտեսական հավակնությունների հակակշիռ: Այսօր արդեն անվտանգության ոլորտում ակտիվ բանակցություններ են ծավալվում հնդկա-խաղաղօվկիանոսյան գործընկերության շուրջ ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Ճապոնիայի ու Ավստրալիայի միջև: Թերևս Մոդին իր ելույթում կենտրոնանա տնտեսության վրա, սակայն պետք է ուշադիր լինել` չի՞ շարադրի նա Հնդկաստանի տեսակետները աշխարհաքաղաքականության վերաբերյալ:
Արձանագրենք ակնհայտը: Միայն ավագ մարտավար Սթիվ Բենոնի հեռանալն է Թրամփին հնարավորություն տալիս հարաբերվել մոդայիկ գլոբալիստների հետ շվեյցարական լեռնային հանգստավայրում: Բենոնը նախագահի սակավաթիվ խորհրդականներից էր, որ անկեղծ նվիրված էր տնտեսական պոպուլիզմին: Հիմա, երբ Բենոնը հեռացել է, իսկ Breitbart-ի մեդիա մեքենան իրեն ազատություն է տվել, Թրամփն անարգել կարող է դիրք ընդունել տեսախցիկների առաջ, որ Դավոսում թիվ ու համրանք չունեն:
Ինչպե՞ս կարող է Թրամփը ձեռքից բաց թողնել աշխարհի հզորների հետ հարաբերվելու պահը: Նա ակնհայտորեն եզրափակիչ խոսք կասի: ԶԼՄ-ները վկայում են, որ Թրամփը առաջ է մղելու բնավ էլ ոչ դավոսյան ՙԱմերիկան նախ և առաջ՚ աշխարհընկալումը: Դա իմաստ ունի մի մարդու համար, որ մարտավարական արժեք է տեսնում ծեծկռտուքի մեջ` թեկուզ վատ ծրագրված: Առավել հետաքրքիր կլինեն Թրամփի մեկնաբանությունների արձագանքները: Հիշեք` սիրո հակառակը անտարբերությունն է, ոչ թե ատելությունը: Թրամփը կարող է գլուխ հանել իր մեկնաբանությունների հարուցած թշնամանքից (նա նույնիսկ ողջունում է այդ թշնամանքը), բայց նա կորցնում է գլուխը, երբ իրեն անտեսում են:
Ֆինանսների նախարար Մնուչինը չի կարծում, որ Դավոսը գլոբալիստների համար հավաքատեղի է: Բայց Դավոսը հենց դա է: Եվ ոչ միայն գլոբալիստների, այլև գլոբալ մրցավազքում չարաբաստիկ 0,001 % հաղթողների: 2018-ին համաշխարհային էլիտան այն վիճակում չէ, որ ուներ 2007-ին: Եկամուտների անհավասարությունը մեծանում է աշխարհի բոլոր երկրներում: Մոլորակի ամենահարուստ մարդկանց ութնյակին պատկանում է նույնքան հարստություն, որքան ունեն 4 միլիարդ ամենաաղքատ մարդիկ: Եվ հիմա գլոբալացման գլխավոր շահառուները սկսում են մտածել հետևանքների մասին: Այս շաբաթ ակտիվների կառավարման աշխարհի ամենամեծ BlackRock ընկերության գլխավոր տնօրեն (նա ունի 6 տրիլիոն դոլար) Լարի Ֆինկը բաց նամակ գրեց բաժնետիրական ընկերությունների ղեկավարներին, որտեղ իր ընկերությունը ներդրումներ է անում: «Հասարակությունը պահանջում է, որ ընկերությունները` պետական ու մասնավոր, ծառայեն սոցիալական նպատակների,-հայտարարեց նա:- Որպեսզի ժամանակի հետ հաջողության հասնի, յուրաքանչյուր ընկերություն պետք է ոչ միայն ֆինանսական լավ ցուցանիշներ ունենա, այլև ցույց տա ինչ դրական ներդրում ունի հասարակության մեջ: Ընկերությունները պետք է շահեկան լինեն բոլոր շահագրգռված մարդկանց համար` ներառյալ բաժնետերերին, աշխատակիցներին, հաճախորդներին և ընկերությանը, որտեղ աշխատում են»: Դա վիթխարի փոփոխություններ կբերի ընկերությունների աշխատանքների մեթոդներում: Փաստը, որ ՈՒոլ սթրիթի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը հրապարակավ նման հարց է բարձրացնում, ընդգծում է, որ անհավասարությունը վերածվել է անշրջանցելի ու բացահայտ սպառնալիքի բոլորի ու յուրաքանչյուրի բարգավաճմանը: Այս տարի կառուցվածքային տնտեսական անհավասարության մասին խոսակցությունները Դավոսում ամենուր կհնչեն:
Այո, միջազգային քաղաքականությունը այսօր լարման մեջ է, որ վաղուց չէր եղել:
Տեխնոլոգիական առաջընթացը, որ ժամանակին անվանում էին ամբողջ աշխարհը միավորող ուժ, մեծամասամբ շիկացնում է հասարակությունը ներսից` քաղաքականության մեջ ուժեղանում է բևեռացումը, իսկ զբաղվածության հարցերում անորոշություն է տիրում: Հեռանկարները բավականին մռայլ են: Բայց ոչ բոլոր նորություններն են տխուր: Այսօր աշխարհում, ինչպես երբեք, քիչ են ծայրահեղ աղքատները: Գլոբալ տնտեսությունը շարունակում է վստահորեն զարգանալ, չնայած տարատեսակ խոչընդոտներին: Գլոբալացման մեջ միշտ կան բացահայտ հաղթողներ ու պարտվողներ, սակայն մենք վերջերս մեծ ուշադրություն ենք դարձնում միայն գլոբալացման մրցավազքում պարտվածներին: Դա դրական է: Դավոսն առաջ գլոբալացման փառաբանման տեղ էր: Հիմա այս վայրում մանրազնին ստուգվում է անդրսահմանային գաղափարների, տեղեկությունների, մարդկանց, փողերի, ապրանքների ու ծառայությունների հորձանքը: Հենց այդպիսի Դավոս է պետք աշխարհին 2018-ին:
Իեն ԲՐԵՄԵՐ, Time, ԱՄՆ
Հ.Գ. Դավոսում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Խիստ հագեցած օրակարգով: Հուսանք վերադարձին մամլո ասուլիսով կտեղեկացնի իր տպավորությունների ու գործնական արդյունքների մասին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ